ԻՐԵՐ
Ֆրունզիկի իրերը
Դեռևս մանկության տարիներին Մհերը շատ դժվարություններ է տեսել: Նրա անչափ ճնշում էր մարդկանց անտարբերությունը իր նկատմամբ. «...մեկին սիրում էին, ինձ չէին սիրում, հարևանի երեխային գրկում, փաղաքշում էին ՝ «ին՜չ լավ բալիկ է»,- ասում էին, բայց ինձ չէին ասում»:
Մհերը տխրությամբ էր հիշում մանկապարտեզում ունեցած մի միջադեպ, որ ծանր հետք է թողել իլ ամբողջ հետագա կյանքի վրա: Մհերը իր մանկապարտեզի միակ տիկնիկն ունեցող աղջկան թախանձանգին խնդրել էր, որ մի րոպեով իրեն տա տիկնիկը, քանի որ նա երբեք խաղալիք չէր ունեցել և ուզում էր մի պահ իր երազած խաղալիքը իր ձեռքում պահել: Տիկնիկը հաստ ոտքերով, հյուսած ծամերով փոքրիկ աղջկա էր նման՝ կավից պատրաստված: Վերցնելով խաղալիքը՝ Մհերը անզգուշորեն վայր է գցում և փշուր-փշուր անում խաղալիքը: Աղջիկը սկսեց լաց լինել, դաստիարակչուհին երկար ժամանակ չէր կարողանում նրան հանգստացնել: Բոլորը նախատում էին նրան, իսկ Մհերը անզորությունից լաց էր լինում:
Նա չհասցրեց մանկություն ունենալ, չհասցրեց խաղալիք ունենալ: Երևի դա էր պատճառը, որ հասուն տարիքում նա դեռ երեխա էր, մեծ երեխա...

Գաղտնիքների պահապան «Տիկնիկ խամաճիկ»
Մհեր Մկրտչյանի անձնական իրերի շարքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում տիկնիկ խամաճիկը: Մհերի համար այդ տիկնիկը հոգու ընկեր էր և նրա երկրորդ կեսը, ում Մհերը վստահում էր իր հոգու ամենանուրբ գաղտնիքները: Խոսելով տիկնիկի հետ ՝ Մհերը բաց էր թողնում իր բացասական էներգիան և հանգստանում:
2007թ.-ին Մհեր Մկրտչյանի թոռնուհին` Իրեն Տերտերյանը գալով Հայաստան, այս տիկնիկը նվիրեց թանգարանին. «Երանի այս տիկնիկը խոսել իմանար, ինչեր ասես չէր պատմի իմ պապիկի մասին...»:

Բանալիներ
Մհերը ոչ միայն փղերի հավաքածուների երկրպագու էր, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, նաև բանալիների հավաքածուների: Նրա հավաքածուում կարող եք գտնել տարբեր տեսակի և վայրերի բանալիներ: Նա երբեք չէր վերադարձնում հյուրանոցների բանալիները:
Հոգեբանները գտնում են, որ բանալի սիրող մարդիկ օժտված են յուրօրինակ հոգեբանությամբ և որ նրանք ունեն իրենց ուրույն հաջողության բանալին տիեզերքում՝ համարվելով ժամանակի հավերժ ճամփորդ: Եվ իրոք, հավատալի է, քանի որ տարիներ են անցել Մհերի մահից, բայց թվում է, թե Մհերը հավերժ ճամփորդում է ժամանակի և տարածության մեջ:

Փղեր
Մհերի իրերի շարքում առանձնանում է նաև նրա փղերի հավաքածուն: Դերասանը շատ էր սիրում փղերին, քանի որ նրանց կնճիթը նմանեցնում էր իր քթին: Նա երբեք չի ամաչել իր մեծ քթի համար: Նա կատակում էր, որ իրեն մանկուց անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իր քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր:
Մհեր Մկրտչյանը իր փիլիսոփայական մտքերում հետաքրքիր արտահայտություն ունի փղերի մասին. «Յուրաքանչյուր ընտանիք պիտի յոթ փղիկներ ունենա, փղիկները ընտանեկան երջանկության պահապանն են...»:

Բնության քանդակ
50-ականների վերջերին Տայգայի փայտահատները ծառերը հատելու ժամանակ պատահաբար նկատել են, որ ծառի ճյուղերի արանքում կա մի գեղեցիկ, հետաքրքիր քանդակ: Նրանցից մեկը բացականչել է.«Սա հայ հանրաճանաչ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարն է»: Հետագայում փայտյա քանդակը լաքապատել և ուղարկել են Հայաստան` Մհեր Մկրտչյանի մտերիմ ընկերոջը` Էդվարդ Պողոսյանին: Վերջերս Էդվարդ Պողոսյանը սիրով այն նվիրեց թանգարանին:

Հնդկական Համրիչ
Հնդիկ ժողովուրդը, շատ սիրելով Մհերին, նվիրել է այս հետաքրքիր իրը, այն իրենից աղոթք է ներկայացնում: Երեսունհինգ գնդիկներից բաղկացած այս աղոթքը տիեզերական իմաստ ունի...
Համաձայն հնդկական հավատքի՝ 35 անգամ աղոթելուց հետո հոգևոր և ֆիզիկական դաշտերը հավասարվում են և մարդը կարողանում է հոգին ձուլել տիեզերքի շերտերին: Ահա այս միտքն է հանդիսանում նրա համրիչի խորհուրդը:

Կոմոդ
Մհեր Մկրտչյանի թանգարանում կգտնեք նաև հանրահայտ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի կոմոդը, որի ձեռքը Ռուբենը կրակն էր ընկել և անընդհատ տեղափոխում էր մի կնոջ մոտից մյուսի տուն: Չունենալով այլ ճար՝ Ռուբենը վերջիվերջո գնացքի տակ է գցում կոմոդը՝ այդ կերպ ազատվելով իր վրա նստած այդ ծանր բեռից:
Ֆրունզիկի նկարներից
«Մարդ չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն նույնքան տարօրինակ և անհետաքրքիր է, երբ անիմաստ ծիծաղում է: Նույն անհարմար վիճակի մեջ է նաև ծիծաղեցնողը: Ես չեմ ընդունում անտեղի ծիծաղելը և ծիծաղեցնելը»