Դերասան, ով միշտ փոխում էր սցենարը

mher mkrtchyan museum

1111430435Մանկության տարիներին նրա վրա մեծ տպավորություն է թողել Չառլի Չապլինը: «Չառլին ինձ համար նման է Բախին՝ երաժշտության մեջ, մարդկության մանկավարժն է: Ինչպես կյանքը լի է անակնկալներով, այդպես էլ Չապլինը չէր դադարում զարմացնել ինձ:

Մի օր Մոսկվայի հեռուստատեսությունը իմ մասին պատմող վավերագրական ֆիլմ էր նկարահանում: Ֆիլմը սկսում էր կադրերով, որտեղ փոքրիկ տղան կինոթատրոնում Չապլինի մասնակցությամբ ֆիլմ է դիտում, և նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում Չապլինի նման նկարահանվել կինոյում: Դա պատահականություն չէր: Ես կատակերգու դարձա, քանի որ մանկուց երազում էի դրա մասին: Ես շատ եմ հարգում կինոգրոտեսկի բոլոր առաջամարտիկներին: Նրանք արեցին այն, ինչն արեց Գագարինը տիեզերագնացության մեջ: Սակայն ես չեմ կարող ոչ մեկին Չապլինի հետ միևնույն շարքում դասել», – պատմում էր դերասանը չեխ լրագրող Օնդրժեյ Սուխիին, գրում է radio.cz-ը:

Ունիվերսալ դերասան

Չնայած հոր արգելքին՝ Ֆրունզիկն ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և գրեթե ուսանողական տարիներից սկսեց հանդես գալ Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում:

Թատրոնում նրա տրիումֆը սկսվեց առաջին իսկ դերերից: Երկրորդ կուրսում նա ստացավ Եզոպոսի դերը, որը պետք է խաղար իր դասախոսի հետ միասին: Առաջին ներկայացումից հետո դասախոսը մոտեցավ Ֆրունզիկին, համբուրեց նրան և զիջեց դերը:

Հետագա տարիների ընթացքում Ֆրունզիկ Մկրտչյանը խաղաց գրեթե բոլոր դասական խաղացանկը` Գվիդոն թագավորից մինչև Սիրանո դե Բերժերակ:

Հասարակական կարգը խախտողը

Կինեմատոգրաֆում Մկրտչյանին բախտ վիճակվեց աշխատել կատակերգության ժանրի իսկական վարպետների` Գեորգի Դանելիայի և Լեոնիդ Գայդայի հետ: Վերջինս 60-ականների վերջին հրավիրեց նրան խաղալ Ջաբրայիլի դերը «Կովկասի գերուհի կամ Շուրիկի նոր արկածները» խորհրդային կուլտային ֆիլմում:

Գայդայի հետ միասին դերասանները հորինում էին իրենց հերոսների ռեպլիկները, սակայն գրաքննությունը հավանության էր արժանացնում ոչ բոլորը: Այսպես, ֆիլմից հանվեց մի դրվագ, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը «կնոջ» ռեպլիկին` թե ինչպես կարելի է նման աղջկա փախցնել, պատասխանում է. «Իսկ հարևան շրջանում փեսան կուսակցության անդամի է փախցրել»: Դրությունից ելք է առաջարկում Նիկուլինը. «Ողջ խնդիրը Մկրտչյանի առոգանությունն է: Եկեք ես նրա փոխարեն ասեմ»: Իսկապես, Նիկուլինի շուրթերից աննկատ արտահայտությունն այնքան ծիծաղելի հնչեց, որ ոչ մի ստվեր չգցեց որևէ կուսակցականի վրա, գրում է kinopoisk.ru-ն:

Ֆրունզիկ Մկրտչյանը խորհրդային մասշտաբի իրական աստղ դարձավ Դանելիայի «Միմինո» ֆիլմում վարորդ Խաչիկյանի դերը խաղալուց հետո: Ռեժիսոր Գեորգի Դանելիայի բախտը բերեց: Ֆիլմում հնչած բոլոր ամենածիծաղելի արտահայտությունները Ֆրունզիկի էքսպրոմտներն են: Դրվագներից մեկի ժամանակ սիրահարված ընկերոջը հանգստացնելու համար նա հանճարեղ ծիծաղելի արտահայտություն է անում. «Валик-джан, я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: ты и она не две пары в сапоги… так думаю!..»…Դատարանում վկա Խաչիկյանի հարցաքննության դրվագը ևս Ֆրունզիկի մտահաղացումն է:

Ֆիլմի նկարահանումներն ուղեկցվում էին տարբեր զվարճալի դեպքերով: Դրվագներից մեկի նկարահանումների ժամանակ, երբ Վախթանգ Կիկաբիձեի հերոսը ռեստորանում փորձում է ավելի լավ պարել, քան Խաչիկյանը, «Ռոսիա» հյուրանոցի բնակիչները մոռացել էին քնի մասին: Շատերը դուրս էին գալիս իրենց համարներից, որպեսզի պարզեն, թե ինչ աղմուկ է: Սակայն տեսնելով, թե ինչպես է Մկրտչյանը պարում տեսախցիկի առջև, նրանք անմիջապես սկսում էին ծիծաղել և ծափահարել: Նկարահանումների ժամանակ Ֆրունզիկն այդքան էլ սթափ վիճակում չէր, ավելի ծիծաղելի էին հերթական պարի ժամանակ գետնից թաշկինակը վերցնելու նրա փորձերը:

Մարդիկ արդեն ծիծաղից ուժասպառ էին եղել, իսկ նրան այդպես էլ չէր հաջողվում վերցնել չարաբաստիկ թաշկինակը: Այդ ժամանակ Դանելիան իր մոտ կանչեց Կիկաբիձեին և խորհուրդ տվեց արդեն կարմրած Մկրտչյանից խլել թաշկինակը: Դերասանն այդպես էլ արեց, իսկ Ֆրունզիկը, հասկանալով, որ նրանք դիմել են խորամանկության, բարձրացրեց գլուխն ու այնպես նայեց հավաքվածներին, որ նրանք կրկին սկսեցին ծիծաղել:

Տխուր Ամանոր

….Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ Նոր տարվա շեմին: Իմանալով տխուր լուրը` դեկտեմբերի 31-ին հայերը առաջին բաժակը խմում էին լուռ…

Նյութը՝ РИА Новости